National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.09.2007
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 5-ին Արմեն Ռուստամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը` օրակարգում ունենալով միջազգային 9 պայմանագրերի քննարկում:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «2006 թ. նոյեմբերի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կենդանիների առողջության եւ անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Նախարարը նշեց, որ համաձայնագիրը կնպաստի հայ-իրանական միջազգային կապերի զարգացմանը, անասնաբուժության բնագավառում համագործակցության խորացմանը, հնարավորություն կտա խուսափել անասնաբուժական հսկման ենթակա բեռների ներկրման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման դեպքերում անասնահամաճարակի առաջացման վտանգից:

«2005 թ. դեկտեմբերի 8-ին վավերացված «Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին» կոնվենցիայի հայտարարությունների 1-ին կետը չեղյալ համարելու վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկը պատգամավորներին ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: 1980 թ. ապրիլի 11-ին Վիեննայում ստորագրված «Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային միանալու մասին փաստաթղթի հանձնումը կասեցվել է կոնվենցիայի վերաբերյալ ՀՀ կողմից արված հայտարարությունների 1-ին կետը կոնվենցիայի նպատակին հակասելու պատճառաբանությամբ (Հայաստանը կոնվենցիայի 94-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի համապատասխան հայտարարություն անելու համար պետք է նշեր այն երկրները, որոնց հետ նույնական օրենսդրություն ունի եւ ցանկանում է կիրառել այդ օրենսդրությունը եւ ոչ թե կոնվենցիան): Պարոն Դանիելյանն ընդգծեց, որ պատճառաբանությունը հիմնավոր է. հայկական կողմը նման հայտարարությունը կոնվենցիայի որեւէ այլ պետության հետ չի համաձայնեցրել:

Արդարադատության նախարարը ներկայացրեց նաեւ «2002 թ. մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որի կնքմամբ ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են իրենց օրենսդրության մեջ չկիրառել մահապատիժ անգամ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության դեպքում: Նրա հավաստմամբ` արձանագրության ստորագրումը եւ վավերացումը հնարավորություն կտա ժողովրդավարության ուղին որդեգրած պետությանը միջազգային մակարդակով բարձր գնահատելու եւ հարգելու մարդու կյանքի իրավունքը` ինտեգրվելով մարդու իրավունքների պաշտպանությունն արժեւորող եվրոպական ընտանիք:

Քննարկվեց նաեւ «1979 թ. սեպտեմբերի 19-ին Բեռլինում ստորագրված «Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիան` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացմամբ: Կոնվենցիայի նպատակն է պահպանել վայրի ֆլորան եւ ֆաունան, որոնց տեսակների եւ ապրելավայրերի պահպանությունը պահանջում է մի շարք հանրապետությունների համագործակցություն: Հայաստանը աչքի է ընկնում ֆլորայի եւ ֆաունայի ու մշակութային ժառանգության բազմազանությամբ, համարվում է եվրոպական բնության անքակտելի մաս, որի պահպանությունը անհրաժեշտ է իրականացնել միջազգային պայմանագրերի եւ նորմերի համաձայն: Նախատեսվող բնապահպանական միջոցառումները նպատակ ունեն Եվրոպայի տարածքում հատուկ պահպանության ռեժիմների շնորհիվ ստեղծել պահպանության համընդհանուր ցանց վայրի բուսական եւ կենդանական տեսակներին սպառնացող վտանգները մեղմելու նպատակով:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանի գնահատմամբ` օրենսդիրներին ներկայացված «2006 թ. հունիսի 12-ին Երեւանում ստորագրված «ՀՀ-ի եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» եւ «2006 թ. հոկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերի նպատակն է հարկման իրավունքի բաշխումը, կրկնակի հարկման բացառումը, հարկերի վճարումից խուսափումների կանխումը, հարկային խտրականություն թույլ չտալը: Համաձայնագիրը կիրառվում է միայն ուղղակի հարկերի նկատմամբ: Ըստ պարոն Կարայանի` կոնվենցիանները հնարավորություն կտան պաշտպանել ՀՀ ֆիսկալ շահերն ու ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առեւտրային շահերը հարկային բնագավառում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց նաեւ «2006 թ. նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «ՀՀ-ի կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան, որը սահմանափակում է Ղազախստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանում իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների հարկման իրավունքը: Հայաստանը կարող է հարկել նման եկամուտները, եթե ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է ՀՀ-ում մշտական բնակության միջոցով: Հայաստանը ձեռնպահ է մնում միջազգային փոխադրումներում Ղազախստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային տրանսպորտի շահագործումից ստացած շահույթը հարկելուց: Կոնվենցիայով սահմանված է նաեւ պայմանավորվող պետությունների միջեւ շահաբաժինների հարկման կարգը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը քննարկման ներկայացրեց «2007 թ. ապրիլի 26-ին ստորագրված` ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ վարկային համաձայնագիրը (Սեւանա լճի բնապահպանական ծրագիր): Ծրագրի նպատակն է աջակցել Սեւանա լճին հարող շրջաններում գտնվող հինգ քաղաքային համայնքներում կեղտաջրերի վերամշակման ծառայությունների բարելավմանը:


ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, ներկայացնելով «2007 թ. մարտի 19-ին Մեղրիում ստորագրված` «ՀՀ կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, փաստեց, որ կոնվենցիայի նպատակն է արդյունավետ օգտագործել Մեղրիի եւ Ղարաչիլարի վայրերում Արաքս գետի հիդրոներուժը: 

Նիստում քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը` առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am